«Սուգ Փարիզում»․ Նեյմարը չի մասնակցի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը
Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհը քննարկում է, թե արդյոք կխաղա՞ Նեյմարը «Մադրիդի Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը, թե՞ ոչ։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական պարբերականները, Նեյմարի հայրը նշել է, որ ֆուտբոլիստը չի մասնակցի «Ռեալի» դեմ հանդիպմանն ու բաց կթողնի 6-8 շաբաթ։
Արդեն հիմա «ՊՍԺ»-ի երկրպագուները նշում են, որ առանց Նեյմարի ավելի դժվար կլինի։ Իսկ մի շարք երկրպագուներ թիմի թվիթթերյան միկրոբլոգում նշում են, որ առանց Նեյմարի փարիզյանը թիմը կխաղա ավելի լավ, թիմային ու կազմակերպված ֆուտբոլ։
Ֆուտբոլային մասնագետները սկսեցին քննադատել Նեյմարին այն ժամանակ, երբ «Ռեալի» դեմ հանդիպմանը բրազիլացին, մեղմ ասած, չկարողացավ ոչինչ անել։ Նեյմարն ամբողջ հանդիպման ժամանակ չկարողացավ զարգացնել ու ավարտին հասցնել իր իսկ սկսած գրոհները, քանի որ եսակենտրոն ֆուտբոլ էր խաղում։
Այս քննարկումները շարունակվեցին նաև այս շաբաթ, ու արդեն հիմա շատերը նշում են, որ կամ «ՊՍԺ»-ն կխաղա շատ լավ ֆուտբոլ առանց Նեյմարի, կամ էլ վերջնականապես կտապալվի Փարիզում։
Մյուս կողմից՝ երկրպագուները նշում են, որ քանի դեռ թիմը մարզում է Էմերին, նրանք գերակումբների կողմից դատապարտված են պարտության։