Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե ով է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը։ Հարցման արդյունքում ձայների 45 տոկոսն ստացել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով առաջ է անցել Նաչոյից։ Լոնդոնյան ակումբի երկրպագուները բարձր են գնահատել Մխիթարյանի խաղը, ով չնայած թիմի նորեկներից է, սակայն կարողացել է հարմարվել թիմի փիլիսոփայությանն ու խաղին։
Չնայած այն փաստին, որ օրեր առաջ «Արսենալի» երկրպագուները քննադատում էին Հենրիխին ու նշում, որ նա մեկ խաղում է լավ ֆուտբոլ, մեկ՝ ձանձրալի, այնուամենայնիվ, երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում բարձր են գնահատում Հենրիխին։
Պետք է ընդգծել, որ Մխիթարյանը մի քանի խաղ է անցկացրել լոնդոնյան թիմի կազմում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու թիմի ֆուտբոլիստները հարցազրույցների ժամանակ նշել են, որ Մխիթարյանն այնպես է խաղում, կարծես երկար տարիներ է, ինչ հանդես է գալիս թիմում։
Այս ամենի հետ պետք է նաև նշել, որ արդեն հիմա շատ բուռն քննարկումներ են գնում, որ Վենգերն այս ամռանը կլքի կամ կհեռացվի «Արսենալից»։
Լրատվամիջոցները նշում են մի շարք թեկնածուների անուններ, սակայն թիմի պաշտոնական կայքը դեռ լռում է։