Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկչությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր շրջաններում։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։
Երեք նռնակ պայթեցրել են Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին անհապաղ տարհանել են, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի մուտքերը եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։
«Բատակլան» համերգասրահում պատանդների վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։
Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզում կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 150-ի։ Փարիզի քաղաքապետարանը հաստատել է 140 մարդու մահվան փաստը։ Միայն 100-ից ավելի մարդ զոհվել է «Բատակլան» համերգասրահում։ Հավելենք, որ ահաբեկչությունների հետեւանքով մի քանի տասնյակ վիրավոր կա։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 10-րդ շրջանի ռեստորանի շուրջը շրձջափակումը շարունակվում է, որտեղից հնչած կրակոցներով երեկ երեկոյան սկսվել է ահաբեկչությունների շարքը:
«Կամբոջա» ռեստորանի շրջափակումը պահպանվում է 200-400 մետր շառավղով: Բիշ փողոցի բոլոր մուտքերի մոտ զինված ոստիկաններ են կանգնած, ինչպես նաեւ ոստիկանական մեքենաներ եւ արգելապատնեշներ:
Փողոցում շարունակում են աշխատել տասնյակ ոստիկաններ, ոմանք սպիտակ պաշտպանական հագուստով են:
Ռեստորանը 11-րդ շրջանում գտնվող «Բատակլան» համերգասրահից հեռու է մոտ մեկ կմ: «Բատակլանը» ահաբեկիչներից հետ գրավելիս մահացել էր ավելի քան 110 մարդ: Ընդհանուր առմամբ, ահաբեկչությունների զոհերի թիվն անցել է 155-ից: