Ուզում եմ իմ տունը վերադարձնեմ, որ գոնե վերջին տարիներս թոռներիս հետ ապրեմ․ խաբված բնակիչ (տեսանյութ)
Եկմալյան 4-16 շենքերի խաբված բնակիչներից Անահիտ Պողոսյանն արդեն 13 տարի չի կարողանում ստանալ պայմանագրով իրեն պատկանող բնակարանը։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ բնակարանները գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով։
Անահիտ Պողոսյանի խոսքով՝ շենքի կառուցապատող Գագիկ Պապոյանն իրենց ասել է, որ 1 տարվա ընթացքում Եկմալյանում շենք կկառուցվի, և 1 տարի անց Եկմալյանում բնակարան պետք է ստանան, սակայն քանի որ Եկմալյանի տարածքը փոքր է եղել և չի կարողացել շենք կառուցել, և այն կառուցվել է Արամի փողոցի 70-82 տների հատվածում ընկած տարածքում:
«Կառավարությունից էլ մեզ ասում են, որ Եկմալյանի 4-16 շենքերի հատվածում ընկած տարածքն աճուրդի է դրված և մինչև չվաճառվի, ոչնչով չեն կարողանա օգնել մեզ, քանի որ Արամի շենքի նույն բնակարանը վերավաճառվել է տարբեր մարդկանց»,-ասաց Անահիտ Պողոսյանը՝ հավելելով, որ արդեն 13 տարի այդ շենքը չի վաճառվում։
«Երեխեքս լրիվ Ամերիկա են, ոնց որ Արմեն Սարգսյանն ա վերադարձել հայրենիք ու ժպտում ա, նենց էլ ուզում եմ, որ իմ երեխեքը գան Հայաստան ու ժպտան, գոնե ծերությանս վերջին օրերը թոռներիս հետ ապրեմ»,- ասաց Անահիտ Պողոսյանը։
Նա նաև նկատեց, որ Գագիկ Պապոյանը խարդախության համար կալանավորված է։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում