Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է. Շավարշ Քոչարյան
Օրերս հրապարակվել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցը, որտեղ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով ԱՄՆ զեկույցին՝ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է՝ բոլորի համար ակնհայտ է:
«Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանը հիշատակեց նաև Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:
«Իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն ընկալել, անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: