Զոհված զինծառայող Միքայել Թորոսյանը տան միակ որդին էր
Խելացի, զուսպ ու հարգանքով: Այսպես գիտեին ու այսպես են հիշում նոյեմբերի 12-ին սահմանում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանին բարեկամներն ու հարևանները: Նա Երևանում էր բնակվում, բայց ծնողներից շատ բան չկարողացանք իմանալ. չէին կարողանում խոսել: Բարեկամներից մեկը newspress.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տղան հասարակ ընտանիքից է: Հայրն արհեստավոր է: Լավ էր սովորում, թշնամիներ չուներ: Տան միակ որդին էր:
«Քույր ու եղբայր էին: Տան փոքրն էր: Խելոք ու լավ տղա էր»,-newspress.am-ի հետ զրույցում հուզված ու արցունքոտ աչքերով պատմում էր բարեկամներից մեկը: Վերջինիս տեղեկացմամբ էլ իմացանք, որ Միքայել Թորոսյանը ՊԲ է զորակոչվել 10 ամիս առաջ:
Հիշեցնոնք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: