«Ժողովուրդ». Հեռանում է, որ վերադառնա. Միքայել Մինասյանը հրաժե՞շտ է տալիս Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Ու քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանն իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Միքայել Մինասյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեսպանատնից ևս հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը:
Մեր աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ 5 տարի դեսպան աշխատած Մինասյանը մասնավոր զրույցում ասել է, թե իր ուժերի սահմաններում արել է հնարավորը այդ պաշտոնում, և հեռանալու ժամանակն է:
Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու հարցին, ապա նույն աղբյուրը չի հաստատում պտտվող լուրերը և պնդում է, որ դեսպանի կարգավիճակից դուրս գալուց հետո` ամռան սկզբից, Միքայել Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում