Դիանա Ակոպովնան մեղադրվում է ամերիկյան վիզաներ կեղծելու մեջ. Armeniatv.am (տեսանյութ)
Մեղադրող կողմը պնդում է՝ ԱՄՆ քաղաքացի Ստելա Բոյաջյանը և Հայաստանի քաղաքացիներ Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը Հայաստանից մարդկանց տեղափոխել են Միացյալ Նահանգներ՝ կեղծելով ամերիկյան վիզաները:
Նյու Յորքի դատախազությունը հայերին մեղադրում է անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը պնդում է՝ ԱՄՆ քաղաքացի Ստելա Բոյաջյանը և Հայաստանի քաղաքացիներ Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը Հայաստանից մարդկանց տեղափոխել են Միացյալ Նահանգներ՝ կեղծելով ամերիկյան վիզաները:
Պարզվել է, որ հայերն ԱՄՆ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիներին տրամադրել են ավանդական զգեստներ, լուսանկարել նրանց ու ամերիկյան դեսպանատանը նրանց ներկայացրել իբրև մշակութային խմբի անդամներ: Հայերը ստացել են վիզաներ մշակութային կեղծ միջոցառմանը մասնակցելու համար ու մեկնել են Նահանգներ:
Նյու Յորքի դատախազությունը պարզել է, որ Ստելլա Բոյաջյանը մշակութային կեղծ միջոցառումներն իրական ցույց տալու նպատակով օգտագործել է իր հիմնած հասարակական կազմակերպությունը: Անօրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ մեկնող հայերը հանցավոր խմբին վճարել են 3-15 հազար դոլար: Գումարը ներառել է նաև վիզա ստանալու հարցազրույցին պատրաստվելու խորհրդատվության վճար: Անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած ՀՀ քաղաքացիների մի մասը Հայաստան չի վերադարձել և ապօրինի հաստատվել է Միացյալ Նահանգներում: