Երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած վերքով եւ ազդոսկրի փակ կոտրվածքով բուժօգնության են տեղափոխվել 20-ամյա Հովհաննես Ղ.-ն եւ 19-ամյա Տիգրան Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հովհաննես Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 11-ին բաժին են ներկայացել 18-ամյա Գեւորգ Յ.-ն եւ 19-ամյա Դավիթ Գ.-ն: Նրանք խոստովանել են, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Դավիթ Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Հովհաննես Ղ.-ին եւ Տիգրան Հ.-ին:
Դանակն առգրավվել է: Քննությունը շարունակվում է: