Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելու համար՝ տուգանք 1-2 մլն դրամ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 97 կողմ, 1 դեմ ձայներով։
«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը նշել է, որ ճիշտ կլինի առանց թույլտվության հրավառություն կազմակերպողին 1-2 մլն դրամի տուգանքը սահմանի ոչ թե վարչական մարմինը, այլ վարչական դատարանը:
Նշենք, որ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորելու մասին համապատասխան օրինագծերի փաթեթը նախօրեին Ազգային ժողովում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանը։
Առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում և ստանան հրավառություն անելու թույլտվություն:
Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ՝ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:
Հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք. ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու․ կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, նախատեսված է վերահսկողություն։