Ալիևի դիվանագիտությունը տանուլ է տվել, նա խելքը հացի հետ չի կերել, որ պատերազմի. Արման Նավասարդյան (տեսանյութ)
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համաձայն չէ այն տեսակետին, թե Ադրբեջանում ընտրությունների արտահերթ անցկացումը նշանակում է, թե Ալիևը պատերազմ է սկսելու:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն Արման Նավասարդյանը նշեց, որ պատերազմ սկսելու մոտիվացիան փուխր է և իրականությանը չի համապատասխանում։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում գիտակցում են, որ այս պահին Ղարաբաղյան խնդրում քաղաքական և դիվանագիտական հարցերն ամենևին էլ հօգուտ Ադրբեջանի չեն։
«Եթե մեկ բառով նկարագրենք, կարող ենք ասել, որ այսօր Ալիևի դիվանագիտությունը տանուլ է տվել և նա լավ պատկերացնում է իրավիճակը»,- նկատում է դիվանագետը և հավելում, որ Ալիևը որքան էլ ցանկանա գնալ ռազմական գործողությունների, համոզել իր ժողովրդին, որ հետ է բերելու Ղարաբաղը, նա դա չի անի։
Պատերազմ չսկսելու համար կան նաև տնտեսական պատճառներ։ Արման Նավասարդյանի խոսքով՝ հայկական կողմը հեշտությամբ կարող է թիրախ դարձնել գազամուղը, որի ուղղությամբ հարվածի դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի իր հաշվին փոխհատուցել գազատարի կառուցման համար հատկացված միջոցները:
«Ալիևը խելքը հացի հետ չի կերել, որ գնա նման քայլի՝ պատերազմն սկսելու փորձ անի»։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Էրիվանի խանությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է և պետք է փուլ առ փուլ վերադարձնել Երևանը, Արման Նավասարդյանը որակեց մեկ բառով. «Քաղաքական ցնդաբանություն»։