ՀՀ գերատեսչություններում սուրճ խմողներ են «աճեցնում»
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել կրթության վերաբերյալ. աղջիկն ապրում է Լիբանանում, դպրոց է հաճախում, նկատում է, որ դպրոցում ունևոր դասի երեխաներն ավելի լավ են սովորում, քան աղքատ: Սովոր լինելով հայաստանյան միջավայրում հակառակ երևույթին՝ այս փաստը նրա համար ավելի քան զարմանալի է:
Նշենք, որ արտերկրում, ինչպես ասում են, խելք չունեցար, կրթություն չունեցար, չես ապրի, իսկ Հայաստանում հակառակն է:
Հայաստանում բիզնեսների զգալի մասը նրա՛նց ձեռքերում է, ովքեր երեկ են ավարտել բուհը, կարելի է ասել՝ չեն ավարտել: Օրինակ՝ պատմում են, որ Լֆիկ Սամոն, երբ բարեհաճում էր գալ տնտեսագիտական համալսարան, ռեկտորն անձամբ էր իջնում՝ 100-ամյա ուսանողի կրթական ջանքերն օր-ծերության խրախուսելու համար և այնքան էր ծալվում, որ մեջքի ծռվածք էր ստացել:
Բացի այդ, հատկապես գրատեսչություններում, որտեղ անգամ մաքրուհիներին հենց այնպես չեն ընդունում, սովորաբար, 3-4 հոգուց մեկն է կարողանում աշխատել, մնացածը կա՛մ պարապ-սարապ են, կա՛մ զբաղված են սուրճ խմելով, կա՛մ էլ ավելի ճարպիկ երկարոտնները «զբաղեցնում են» շեֆերին. այս բոլորի փոխարեն աշխատում է միայն մեկը: Անգամ եթե մնացածին ինչ-որ բան հանձնարարեն, ապա, միևնույնն է, ո՛չ ունակ են աշխատելու, ո՛չ որակավորում ունեն, ո՛չ էլ, առավել ևս, հետաքրքրվում են աշխատանքով. նրանք, սովորաբար, ծանոթներով աշխատանքի ընդունվածներն են:
Նման կատեգորիաներն են կազմում գերատեսչությունների տեղակալների մի մասը, օգնականները, խորհրդատուները: Չի բացառվում նաև, որ կարևոր պաշտոններում նշանակվում են ոչ մասնագետ մարդիկ, իսկ երբ նույն այդ պաշտոնի համար աշխատանքային հայտարարություն են տալիս, պարզվում է՝ առնվազն գերմարդ է պետք, իսկ իրականում տեղը պահում են ծանոթ-բարեկամ-ընկերուհիների համար:
Ահա նման մտավոր պայմաններում խոսել կառավարման համակարգի արդյունավետությունից, ուղղակի ծիծաղելի է, քանի որ մարդիկ ոչ թե չեն ցանկանում աշխատել, այլ չեն կարողանում, չեն հասկանում գործից, իսկ տեղավորվել են որևէ պաշտոնում, քանի որ ավելի հարմար այլ բան չի եղել:
Կա նաև կուսակցական պատկանելություն՝ կա՛մ միայն հանրապետական, կա՛մ դաշնակցական:
Հիմա մոտավորապես պարզվե՞ց, թե ինչպես է աշխատում ՀՀ կառավարման համակարգը, իսկ նման ներուժը, բացի խոհանոցում սուրճ խմելուց, այլ գիտելիք ստեղծել չի կարող:
Իսկ նման թիմով աշխատանքային տապալումները, կոռուպցիան, ժամավաճառությունն այն «ձեռքբերումներն» են, որոնք այսօր առկա են բոլոր գերատեսչություններում, կառավարությունում, ԱԺ-ում, իսկ նախագահականը խնամքով թաքցնում է իր կադրերին: