Հայաստանը վավերացրեց դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար ստացվող վարկը
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում 91 «կողմ», 2 «դեմ», 12 «ձեռնպահ» ձայնով հավանության արժանացավ վարկային համաձայնագիրը, որի համաձայն 10 մլն եվրո կտրամադրվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համար: 105 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակությունը:
Եվրոպական ներդրումային բանկի (EIB) միջոցները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով, ընդ որում, հայկական կողմը կարող է դրանք ինքնուրույն ընտրել յուրաքանչյուր տրանշի համար՝ ե՛ւ տոկոսադրույքը (ֆիքսված կամ լողացող), ե՛ւ ժամկետը (4-ից մինչեւ 28 տարի):
Ծրագրի հիմնական դոնորը՝ գերմանական KfW բանկը, համաձայնել է 85 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել: Եվս 10 մլն եվրո դրամաշնորհի տեսքով կտրամադրի Եվրահանձնաժողովը, հարեւանության ներդրումային գործիքի օգնությամբ (NIF):
Առաջին փուլում ծրագրվում է Վրաստանի հետ սահմանակից Այրում ավանում 500/400/220 կՎ-անոց մշտական լարման կայան կառուցել, որին կմիացվեն բարձրավոլտ գծեր. վրացական կողմից՝ 500 կՎ՝ Մառնեուլից, հայկական կողմից՝ 400 կՎ՝ Հրազդանից (առաջին փուլում դրան կփոխարինի սահմանից ոչ հեռու գտնվող Ալավերդի քաղաքից 220 կՎ-անոց գործող գիծը): Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հրազդանից ոչ հեռու 400/220 կՎ-անոց ենթակայան կառուցել: