Նոր բացահայտում՝ կործանված A321 ռուսական քաղաքացիական օդանավի վերաբերյալ
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը նոր բացահայտում է ներկայացրել Սինայի թերակղզու օդային տարածքում կործանված A321 ռուսական քաղաքացիական օդանավի վերաբերյալ` նշելով, որ դրանում թայմեր է եղել։Աղբյուրը մանրամասնում է, որ այդ մասին իրենց հայտնել են օդանավի կործանման հնարավոր պատճառներն ուսումնասիրող քննիչներին մոտ կանգնած աղբյուրները: Ալիքը նկատում է, որ թայմերի հանգամանքն առավել հավանական է դարձնում այն վարկածը, որ օդանավը կործանվել է ահաբեկիչների տեղադրած ռումբի պատճառով։
Բացի այդ, հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ ըստ մասնագետների՝ ռումբը տեղադրված է եղել ինքնաթիռի այն հատվածում, որտեղով վառելիքը գնում է դեպի շարժիչը: Դրանով էլ հենց բացատրվում է տեսանելի, ակնհայտ հանցանշանների բացակայությունը։ Ենթադրվում է, որ ռումբի տեղադրման հարցում ահաբեկիչներին օգնել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող օդանավը, որում եղել է 224 մարդ, կործանվել է Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչելու ճանապարհին։