Առաջիկայում երկու առաջին տիկնանց պայքար է սկսվելու
ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո երկակի վիճակ է ստեղծվելու առաջին տիկնանց համար։ Թեև դեռևս առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեմոկրատաբար «հրահանգում էր» իրեն առաջին տիկին չկոչել, սակայն գաղտնիք չէ, որ երկրի համար որոշ մեծ ու փոքր որոշումներ՝ հատկապես մշակութային ուղղվածության, անցնում են հենց առաջին տիկնոջ ձեռքի տակով։ Հաճախ հենց նրա մերձավորներն են հայտնվում մշակութային հարթակում, իսկ ավելի հաճախ երգարվեստում։
Բացի այդ, նրա երգարվեստի, երաժշտական նուրբ ճաշակի, հանճարեղ երգահան լինելու վերաբերյալ քծնանքների պակաս չկա, որը ևս նշանակում է, որ հենց նրա միջոցով է ներկայումս կայանում մասնավորապես երգարվեստը և այն իրավիճակը, որ հաճախ է քննադատության առարկա դառնում․ ցածրաճաշակ երաժշտությունը, անհայտ հեղինակների անիմաստ փառաբանությունը հենց քծնանքի արդյունք է և նման վիճակում պարզապես հանրության հետ որևէ առողջ շփում չունեցող անձը կտրվում է իրականությունից։
Այսինքն՝ Ռիտա Սարգսյանն ավելին է, քան առաջին տիկինը և այժմ ներկայանալով պոտենցիալ վարչապետի տիկին, ով երկրում լինելու է առաջին դեմքը, Ռիտա Սարգսյանն առաջին տիկնոջ տիտղոսը կիսելու է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։
Ինչ վերաբերում է Նունե Սարգսյանին, ապա նա նախկին լրագրող է և մանկարգիր։ Բացի այդ, ապրում է բրիտանական սկզբունքներով, ինչը մեծապես տարբերվում է հայկական իրականությունից։
Նունե Սարգսյանը շփվում է անգլիական էլիտայի հետ, նիստուկացն արևմտյան է, մտածելակերպը՝ մտավորականի։
Առաջիկայում սպասվում է տիտանների մենամարտ, և ըստ այդմ, պարզ կլինի, ով կհաղթի․ սահմանադրական արևմտյան միապետությո՞ւնը, թե՞ սահմանադրական արևելյան միապետությունը։