«Փաստ». Թանկացումներ կաթնամթերքի շուկայում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գնաճը չի շրջանցել նաև կաթնամթերքի շուկան: Թանկացել է պանիրը: Աշոցքի պանրի գործարանի արտադրանքի գինը տարեսկզբից 10%–ով բարձրացել է: Ընկերության տնօրեն Գեորգի Բաղդասարյանը թանկացման պատճառներն է թվում:
«Մոտ 40%-ով կաթի մթերման գինն է ավելացել, ինչն արտադրանքի վրա ազդել է: Այսօր կաթը քիչ է արտադրվում՝ կովերի 10-12%–ն է կաթ տալիս: Կաթի թանկացումը բերել է պանրի գների աճին»,- «Փաստ»-ի հետ զրույցում պարզաբանեց տնօրենը:
Գործարանը կաթի լիտրը գյուղացուց 180-190 դրամով է գնում: Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ավելի էժան էին գնում: Թանկացման պատճառը ոչ միայն արտադրության ծավալների պակասն է:
«Անասնակերը՝ խոտը, գյուղացին թանկ է գնել, որի հետևանքով իր արտադրանքը բարձր գնով է վաճառում: Եթե այսպես շարունակվի, գնաճ կլինի: Իմ ենթադրություններով պանիրը կրկին կթանկանա, եթե կաթի արտադրության ծավալների և մթերման գնի փոփոխություն չլինի»,-նկատեց արտադրողը:
Անդրադառնալով կարագի գներին` նա ասաց, որ տեղական արտադրության կարագի ծավալները քիչ են, դրսից ներկրվածն էլ բարձր գներով է սպառվում:
Արագածոտնի մարզում կաթի մթերման գինը 190–200 դրամի սահմաններում է տատանվում: Գնորդներից մեկը Ապարանի պանրի գործարանն է: Գներից ելնելով` առայժմ պանիր չեն արտադրում, իսկ կաթնամթերքը չեն թանկացրել: Տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, գների բարձրացումն անխուսափելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում