Պրոթեզարանը փակելը ոչ մասնագիտական մոտեցում է. պրոթեզարանի շահառուները բողոքի ալիք են բարձրացրել (տեսանյութ)
«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն ՍՊԸ-ն արդեն 2 շաբաթ է՝ դադարեցրել է գործունեությունը։
Խնդիրը բարձրաձայնելու և որոշումը վերանայելու նպատակով՝ Հայաստանի բոլոր շրջաններից կենտրոնում սպասարկվող հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանցից Անի Գաբրիելյանը նկատեց, որ իրենց պահանջը մեկն է՝ պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության։
«Պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական, տեխնոլոգիան՝ մեզ համար անհայտ, իսկ մասնագետները՝ անծանոթ: մենք ոչինչ չունենք մյուս մասնագետների դեմ, պարզապես ուզում ենք պաշտպանել մեր իրավունքները»,-նկատեց Անին։
Հարկ է նկատել, որ մրցույթում շահել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, որը դեռևս չի սկսել աշխատանքը, ինչը ևս դժգոհություն է առաջացրել շահառուների շրջանում։
Երկրորդ կարգի հաշմանդամ Հապետ Աղաբաբյանը նշում է, որ գնացել է սպասարկվելու, սակայն կենտրոնը փակ է եղել։
«Եթե ուզում են փակեն, թող իմ ոտքերը ինձ վերադարձնեն՝ կարա՞ն»,- նեղսրտած ասում է արցախյան պատերազմի ազատամարտիկը։
Այս ամենից բացի, առաջ է գալիս նաև զբաղվածության խնդիր, քանի որ, փաստորեն, կենտրոնի աշխատակիցները մնում են առանց աշխատանքի։
Կենտրոնի ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանն ամեն դեպքում ուզում է հավատալ, որ կա թյուրիմացություն, որը կշտկվի։