Մխիթարյանն ու Օբամեյանգը կվերամիավորվեն «Արսենալում»
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի ու առաջիկա ժամերին «Արսենալը» պաշտոնապես կհայտարարի գաբոնցի ֆուտբոլիստի տրանսfերի լուրը։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես է Օբամեյանգը մեկնում Լոնդոն։ Այդ մասին հաղորդում են անգլիական ու գերմանական սպորտային պարբերականները:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի սկզբից քննարկվում էր այս տրանսֆերը, իսկ մասնագետները նշում էին, որ «Արսենալի» ղեկավարներն այս տրանսվֆերի հարցերով կսկսեն զբաղվել այն ժամանակ, երբ Մխիթարյանի գործարքն ավարտվի։ Երեկ «Արսենալի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով կտեղափոխվի «Չելսի»։
Ստացվում է, որ «Արսենալում» հարձակման զույգ կկազմեն Լակազեթն ու Օբամեյանգը, իսկ կիսապաշտպանությունում զույգ կկազմեն Մխիթարյանն ու Օզիլը։ Դորտմունդում հանդես եկող թիմակիցները՝ Օբամեյանգն ու Մխիթարյանը նորից կվերամիավորվեն, սակայն այս անգամ ոչ թե Գերմանիայում, այլ Լոնդոնի «Արսենալում»։