Եկեղեցին փորձում է քավել իր մեղքը. Հացպանյանի հուղարկավորության համար էլ գումար չեն պահանջում
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել էր արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հոգեհանգստի կազմակերպման հետ կապված խնդրին: Նշել էինք, որ մեր տեղեկություններով՝ կարգ մատուցելու համար՝ եկեղեցին պահանջել էր 200.000 դրամ:
Այդ գումարը եկեղեցին պահանջել է նրա հուղարկավորության գործերով զբաղվող ընկերներից: Սա, իհարկե, տրամաբանությունից դուրս է այն աստիճան, որ եկեղեցին, հավանաբար հետո գիտակցելով արարքն ու ցանկանալով շտկել իր սխալը՝ հայտարարել է, թե այս լուրը կեղծ է՝ փորձելով մեղքն իրենից հեռացնել և ցեխ շպրտել այն տարածող լրատվամիջոցների վրա:
Ինչևէ, ինքը գիտի, բայց այս պատմության մեջ գովելին այն է, որ եկեղեցին, փաստորեն, հրապարակման հիման վրա, որոշել է հրաժարվել հոգեհանգստյան կարգն անցկացնելու համար պահանջվող գումարից:
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմից ոչ միայն հայտնել են, թե իբր լուրն իրականությանը չի համապատասխանում, այլև նշել են, որ «Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան արարողությունը պատշաճ մակարդակով կանցկացվի Երևանի Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Բոլոր եկեղեցական արարողությունները Եկեղեցին կատարելու է անհատույց»:
Այս պարագայում ոչինչ չի մնում անել, քան ողջունել եկեղեցու քայլը, որը թեկուզ և հերքել, բայց հասկացել է խնդրի էությունն ու իր սխալը և որոշել է իսկապես արդեն անհատույց կատարել եկեղեցական արարողությունները: