Ճապոնիայում ժայթքել է հրաբուխ, ինչի հետևանքով առաջացել է ձնահյուսք․ կա 1 զոհ և 14 տուժած
Ճապոնիայում հրաբխի ժայթքումից առաջացած ձնահյուսքի պատճառով մեկ ճապոնացի զինվոր է զոհվել, ևս 14 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Տուժածներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում: Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Կուսացու գյուղի տարածքում: Տեղեկացվում է, որ ժայթքման վայրից մեկ կիլոմետր տրամագծով քարաթափումներ են սկսվել:
Սիրանե հրաբուխը Տոկիոյից 150 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և արթնացել է հունվարի 22-ի առավոտյան: Լեռան ստորոտում մի քանի դահուկորդներ են արգելափակվել և չեն կարողանում վերադառնալ՝ ձնահյուսքի և քարաթափման պատճառով:
Մահացած զինվորականն էլ մեկն էր այն վեց զինվորականներից, ովքեր այդ տարածքում զորավարժություններ էին անցկացնում: Բոլոր վեցն էլ Ճապոնիայի զինված ուժերի ցամաքային ուժերի զինվորներ էին: