«Վեոլիա Ջուր»-ն ամանորյա պարտքերի «անակնկալ» է մատուցել իր բաժանորդներին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Նոր տարվա նախաշեմին իր ջրօգտագործողներին ամանորյա անակնկալ է մատուցել։
Երևան քաղաքի բնակիչները, ջրի վարձավճարները մուծելիս, իրենց մուծման կտրոնների վրա հայտնաբերել են վերահաշվարկային գումարներ, որը իբր թե իրենք պարտք են մնացել ջրմուղին։
Պարտքերի դիմաց վճարվելիք գումարները տարբեր են եղել՝ 300 դրամից մինչև մի քանի հազար դրամ։

Ջրօգտագործողներից ահազանգն ստանալու նույն օրը NEWSPRESS.am-ը փորձեց կուտակված պարտքերի պատճառը պարզել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանից։
Սակայն նա այդ օրը չէր տիրապետում ինֆորմացիային և խոստացավ պատասխանել միայն հաջորդ օրը։ Նրա հետ կապ հաստատել հաջողվեց միայն դրանից երկու օր հետո։ Ու թեև վերջինս խոստացել էր նաև մամուլի հաղորդագրություն պատրաստել՝ իրավիճակի մասին տեղեկացնելու համար, սակայն բավարարվեց միայն բանավոր բացատրությամբ։
Պարզվում է՝ իբր այդ պարտքերը 2016 թվականի դեկտեմբեր ամսվա պարտքերն են, երբ «Վեոլիա Ջուր»-ը «Երևան Ջրից» վերցրել է նրա պարտավորությունները։
««Վեոլիա Ջուր»-ը չի հանդիսանում նախկին «Երևան Ջուր» ընկերության իրավահաջորդը, ուստի մենք ճշգրտել ենք մեր հարաբերությունները նախկին «Երևան Ջրի» բաժանորդների հետ։ Տեսեք՝ 2016 թվականի վերջին վճարումը կատարվել է 2017 թվականին, սակայն այդ ժամանակ արդեն սպասարկում էր «Վեոլիա Ջուր»-ը, և սակագին էր փոխվել։ Ճիշտ է՝ մենք այս գործը շատ ուշ արեցինք, բայց պետք էր հստակ հաշվեինք, թե «Երևան Ջուր»-ի աշխատակիցները վերջին անգամ ե՞րբ են մտել այդ տուն։ Ու պարզվում է, որ նրանք վերցրել են նոյեմբեր ամսվա վարձավճարները, իսկ դեկտեմբերինը մնացել է»,- ասում է Մուրադ Սարգսյանը, ով վստահեցնում է, որ այդ ամսվա վճարները հաշվել են հին, այսինքն՝ էժան սակագներով, ինչպես եղել է այդ ժամանակահատվածում։
Սակայն, այնուամենայնիվ, հաշվարկների մեջ ինչ-որ բան անհասկանալի է և անհամատեղելի։ Չենք քննարկում այն, թե ինչու այսքան երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, թե ով ինչքան պարտք ունի և դեռ հաշիվներ էին անում, հարց է նաև, թե իսկապե՞ս հին սակագնով են հաշվել։ Խնդիրն այն է, թե մեկ ամսվա համար հաշվարկված գումարներն ինչո՞ւ են երկու ամիս որպես պարտք եկել բնակիչների վրա։
Սրանք հարցեր են, որոնք NEWSPRESS.am-ը դեռ կփորձի պարզել։