Մեկ գիշեր սպասեք, անսպասելի թեկնածու չի լինելու․ վաղը Սերժ Սարգսյանը կհրապարակի նախագահի թեկնածուի անունը
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահի թեկնածուի հարցը։
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուն համապատասխանում է մինչ այս նշված բոլոր չափորոշիչներին՝ նա թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ատյաններում ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն։ Նա ունի դրական հեղինակություն թե Հայաստանում, թե Սփյուռքում։
«Կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության՝ ՀՀ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ»,- նշեց ՀՀԿ խոսնակը։
Դեռևս հանրությանը անհայտ թեկնածուին առաջադրել է ՀՀ նախագահը, իսկ գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել։
«Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին։ Որևէ սենսացիոն բան չկա։ Սա այն թեկնածուն է, որին շատերը հավանական են համարել, անսպասելի թեկնածու չի լինելու»,- նշեց Շարմազանովը։
Հարցին, թե խոսքը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասի՞ն է, ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց մեկ գիշեր էլ սպասել: