Վթարից զոհվածների ընտանիքները կփոխհատուցվեն
Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն 500 հազար դրամ:
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 միլիոն դրամ:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարին, ՌԴ առողջապահության նախարարությանը և Տուլայի նահանգապետին` դժվար պահին աջակցություն ցուցաբերելու համար:
Վարչապետն օպերատիվ և լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: