Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» տրիկոտաժի գործարանում նախնադարյան համայնական կարգեր են։ Աշխատակիցներին գործարանում մուտքի և ելքի ժամանակ ոտքից գլուխ ստուգում են՝ ինչպես ստուգում էին խորհրդային շրջանում, չկան որևէ նոր տեխնոլոգիական սարքեր՝ մարդկանց նվաստացուցիչ ստուգումներից զերծ պահելու համար։
NEWSPRESS.am-ի աղբյուրը հայտնեց, որ, բացի այդ, աշխատակիցներն իրավունք չունեն տոպրակ, պայուսակ, անգամ սովորական թափանցիկ տոպրակ վերցնելու հետները: Ինչ վերաբերում է բուն աշխատանքային պրոցեսին, ապա բանվորուհիներին արգելված է խոսել, շրջվել, նայել այս կամ այն կողմ։ Ժամը 9-ից սկսվում է աշխատանքը, 40 րոպե ընդմիջում ունեն միայն, որից հետո դարձյալ նույն պապանձ վիճակն է: Բացի դրանից, մի քանի բանվորուհու ղեկավարող աշխատողներ կան, որոնք կանանց վերաբերում են ինչպես ստրուկների, գոռում ու նվաստացնում ամեն առիթով կամ նույնիսկ անառիթ։
Սամվել Ալեքսանյանը կամ, որ ավելի վատ է, իր «բրիգադիր» տիկիններն, այլ ճանապարհ չունի գործարանը ղեկավարելու, մնացել են գոռգոռոցները, նվաստացումները ու բանվորուհիների՝ ոչ իրավական-ստրկական վիճակը։ Իսկ կանայք հանուն մեկ ամսվա չնչին աշխատավարձի ստիպված ենթարկվում են նման նվաստացումներին։ Հակառակ դեպքում՝ կա «բարի ճանապարհը»՝ «դու չաշխատես, գիտե՞ս՝ ինչքա՜ն խնդրող կա»:
Հետո էլ բարձրագոչ ճառեր կասեն, թե որքա՜ն աշխատատեղեր է ստեղծում այս գործարանը, մարդկանց օրվա հացի փողով ապահովում, չի թողնում, որ գնան երկրից ու էլի բազմաթիվ սիրուն-փաղաքշող բաներ կասեն, բայց կմոռանան, որ ազնիվ, սեփական քրտինքով աշխատող մարդկանց ինքնասիրությունը հաստատ ավելի թանկ է, քան որոշ վայ-ղեկավարների ձայնի բարձրությունը: