Վանաձորի փլուզված կամրջի հետքերով. Տեսանյութ
Վանաձորում գարնանային վարարումների հետևանքով Տանձուտ գետի մակարդակը կտրուկ բարձրացել էր, որի պատճառով երկու թաղամասեր միացնող հետիոտնային կամուրջը փլուզվել է: Այս կամրջից ավելի շատ օգտվում են Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի ու Լագեր թաղամասերի բնակիչները, թիվ 9 դպրոց հաճախող աշակերտների 90 տոկոսը:
Այն, որ կամուրջը վթարային է ու նորոգման կարիք ունի՝ տեղական իշխանություններն իհարկե տեղյակ են: Սակայն մինչ օրս գործնական քայլերի չեն դիմել: Պատճառաբանելով, թե համապատասխան ֆինանսներ չունեն: Խ. Աբովյանի անվան թ. 9 կրթօջախի տնօրեն Անահիտ Վարդանյանը չի նահանջում: Վերջերս նա կրկին դիմել է քաղաքապետարան՝ կամուրջը վերականգնելու հույսով: Սակայն պատասխանը նույնն է՝ «միջոցներ չունենք»:
Միայն օրերս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրամանով՝ այս հարցն ընդգրկվել է 2016 թվականի հրատապ ծրագրերի մեջ: Առաջիկայում կկազմի նախահաշիվ, ըստ որի էլ կընթանան հետագա քայլերը: