Եթե Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ոչինչ չստացվի, ապա Հենրիխը հաստատ չի մնա պահեստային նստարանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամեն օր փողոցային խոսակցություններ է լսում, որտեղ արտահայտված են միայն դժգոհություններ՝ ուղղված ֆեդերացիային։
Լրագրողների հետ հանդիպմանը նա խոստացավ արձագանքել դժգոհություններին և պատասխանել բոլոր հուզող հարցերին։
Այս շարքում նա անդրադարձավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին։
Ռուբեն Հայրապետյանը վերջին անգամ Հենրիխին տեսել է ազգային հավաքականի խաղերի ժամանակ և վստահեցնում է, որ այն ժամանակ դեռ նման լարվածություն չկար։ Նա այս մասին խոսել է Մխիթարյանի հետ և, ինչպես ինքն է նշում, տեղյակ է ստեղծված իրավիճակից, սակայն խորհուրդ չի տալիս ավելորդ մեկնաբանություններ անել այս հարաբերությունների մասով։
«Այնտեղ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունները կարող են և՛ լավանալ, և՛ վատանալ և պետք չէ այդպես ակտիվ ու ագրեսիվ մտնել նրանց աշխատանքային հարաբերությունների մեջ և խանգարել։ Կարծում եմ՝ պետք է մի փոքր համբերել»,-ասաց Հայրապետյանը։
Նրա որակմամբ՝ Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է իր տեղը գտնել աշխարհի ցանկացած բարձրորակ ֆուտբոլային ակումբում։
«Աստված մի արասցե, բայց եթե Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ոչինչ չստացվի, ապա Հենրիխը հաստատ չի մնա պահեստային նստարանին։ Նա միշտ իր տեղը կգտնի, որևիցե խնդիր չկա»,-ընդգծեց ՀՖՖ նախագահը։