«Ի՞նչ տարբերություն՝ այսօ՞ր կգնդակահարեն, թե՞ վաղը»․ մոտ 40 ապրանքատեսակ կթանկանա
Թռչնամիսը, վառելիքը և էլի մոտ 40 ապրանքատեսակ կթանկանա:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հնարավոր թանկացումները կապում է ԵԱՏՄ անդամակցության հետ, քանի որ այդ ապրանքների գների բարձրացումը կապված է մաքսազերծման տոկոսների բարձրացման հետ։
«Մաքսազերծման տոկոսադրույքներում Հայաստանի համար իբրև տարկետում էր տրված, բայց ի՞նչ տարբերություն՝ այսօ՞ր կգնդակահարեն, թե՞ վաղը»,- լրագրողների հետ զրույցում նկատում է Կարեն Չիլինգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում գները համապատասխանեցել ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների գների հետ, սակայն իշխանությունը հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ։
«Մենք այնքան աշխատավարձ չենք ստանում, որքան, օրինակ, Բելառուսում կամ Ղազախստանում: Մեզ մոտ ո’չ աշխատավարձ են բարձրացրել, ո’չ թոշակ, և այս ֆոնին թանկացումներից շատ է տուժում սպառողը: ԵԱՏՄ անդամ այլ երկրներում մարդկանց կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում»,- ասաց Չիլինգարյանը:
Նրա հաշվարկներով՝ Հայաստանում միջին աշխատավարձը պետք է կազմի 170 000 դրամ, որպեսզի մարդը կարողանա գոնե նորմալ ապրել։
«Եթե ընտանիքում երկու հոգի այդքան վաստակեն, կարելի է ապրել՝ ոչ ճոխ, բայց միջին մակարդակով»,-ասում է փորձագետը։