«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն ավտոերթով ակցիա են կազմակերպել
Եթե արգելվում է աջ ղեկով մեքենաներ ներկրել, ապա այն վարորդները, որոնք ունեն աջ ղեկով մեքենաներ, գոնե պետք է հնարավորություն ստանան ձախ ղեկով ներկրելու դեպքում ազատվել մաքսային արժեքից:
Այս և նման շատ ուրիշ հարցեր մտահոգում են «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին, ովքեր նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանի գլխավորությամբ նախ ավտոերթով ակցիա են կազմակերպել, ապա շարժվել դեպի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Մինչ այդ, իմանալով դեկտեմբերի 22-ի կազմակերպվող ակցիայի մասին, նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է ընդունել նախաձեռնող խմբի անդամներին և լսել նրանց:
Լրագրողների հետ զրույցում էլ վարորդները հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են, որ այս նախագիծը չընդունվի:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ՝ առաջարկելով փոփոխություններ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ըստ որի՝ առաջարկվում է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը, քանի որ դրանք վտանգավոր են: