Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած բոլորը խոսքերը փուչիկ են. զոհված զինվորի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, հույսը կտրել է, որ երկրում արդարադատությունը կգործի, ու իր որդու սպանության գործը կբացահայտվի:
Վալերիկ Մուրադյանի գործը վաղուց արդեն փակուղի է մտել, բայց Նանա Մուրադյանը չի դադարում պայքարելուց, որպեսզի բացահայտվեն մարդասպաններն ու կրեն իրենց պատիժը: Արդեն տասը տարի շարունակ մի քանի անգամ գործը կասեցրել ու կասեցումից հանել են: Հիմա դարձյալ գործը կասեցված է:
NEWSPRESS.am–ի հետ զրույցում զինվորի մայրը նեղսրտած նկատեց, որ դեռ գործող դատախազ Արթուր Դավթյանին հենց ինքն է խնդրել գործը կասեցումից չհանել, եթե այն հավուր պատշաճի չի քննվելու և նորից կասեցվելու է:
«Գևորգ Կոստանյան էլ հանեց կասեցումից ու նորից կասեցրեց: Հլա դեռ ասեց, թե՝ այո՛, տղաս՝ Վալերի Մուրադյանը, զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների և քննություն է գնում. մեղավորները կպատժվեն»,-ասում է Նանա Մուրադյանն ու հավելում, որ մինչև հիմա ոչ ոք չի պատժվել, ու գործը բացահայտված չէ:
«Գնում ա, խոստումներ տալիս Ազգային ժողովի ամբիոններից, իրա բոլոր խոսքերն էլ փուչիկ են… ո՞ր խոստումն ա կատարել, ո՞ր խոսքն ա արել»,- նշում է Նանա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ եթե պետք է կասեցումից հանեն, փուչ խոստումներ տան, ավելի լավ է՝ այլևս կասեցումից չհանեն:
Հերթական անգամ գործը կասեցվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության դրդում» ձևակերպմամբ, իսկ թե ովքեր են այդ «դրդողները», բացահայտված չէ:
«Հիմա այսքան տարի անց նոր մեղադրանք են առաջադրել էդ դրդողներին և հետախուզում են հայտարարել, բայց գործը կասեցրել են, քանի որ դրդողներին չեն գտնում»,-ասաց զինվորի մայրը: