Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին: Նկատենք, որ ամանորյա տոներից առաջ ավանդույթ է դարձել Սերժ Սարգսյանի կողմից նման նախաձեռնությունը:
Խաշկերույթի հրավերն ընդունել էին Խորհրդի գրեթե բոլոր անդամները, առաջին բաժակաճառն էլ, իհարկե, ամենայն հայոց նախագահի կենացն է եղել: Բայց եթե այլ արարողությունների ժամանակ կենացների թեմաները երբեմն փոխվում են, ապա Հանրային խորհրդի անդամների դեպքում քծնանքի պակաս չի զգացվել:
Նշենք, որ Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամից և 12 ոլորտային հանձնաժողովից: Այստեղ ներառված են ակադեմիկոսներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ: Թվում է՝ նախագահի հետ հանդիպումը պետք է անցներ բուռն քննարկումներով, ինչո՞ւ չէ, նաև քննադատություններով, սակայն այդպես չի եղել. յուրաքանչյուր թեմայի կիզակետում եղել է անբասիր նախագահն ու գովասանքի խոսքերը՝ ուղղված նրան: