Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ. «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա հայ կիսապաշտպանի նկատմամբ: Ինքը՝ ֆուտբոլիստը, համաձայն է Լուչիանո Սպալետտիի թիմ տեղափոխվելուն:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաղորդել է, որ Մխիթարյանը կարող է լքել թիմը: Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 12 խաղ, խփել 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: