Ալթունյանը չասաց, թե ինչո՞ւ են շփոթմունքներն իր մոտ հաճախակի բնույթ կրում
Առողջապահության նախարարությունն աշխատում է դեղերի գների ուղղությամբ: Համենայնդեպս այդպես է հայտարարում նախարար Լևոն Ալթունյանը:
Ավելին՝ նա վստահեցնում է, որ արդեն իսկ ոլորտում գների իջեցման նախանշաններ կան:
«Մշակել ենք կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պատվերով ձեռք բերվող դեղերի գները կէժանանան 20-23 տոկոսով: Դա նշանակում է, որ այդ քանակով ավելի դեղ ձեռք կբերվի կամ ավելի շատ հիվանդներ կսպասարկվեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով, կա մատակարարման տենդերներ, որտեղ հունվարի մեկը չի ազդում:
«Հունվարի մեկից ոչ մի թանկացում դեղերի առումով չի նախատեսվում: Իմ ասածները վերաբերում են պետպատվերով կենտրոնացված կարգով նախարարության կողմից ձեռք բերվող դեղերին»,- հավելեց Ալթունյանը:
Անդրադառնալով ավելի իր կողմից վաղ արված հայտարարությանը, թե մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսն ունեն սեռական հարաբերության փորձ, նախարարն ընդգծեց, թե խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց տվեց, որ 25 տոկոս տղաները և 1 տոկոս աղջիկները ներգրավված են այդ թվերի մեջ:
«Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, տղաների փոխարեն հնչել է աղջիկներ խոսքը»,- ասաց Ալթունյանը:
Լևոն Ալթունյանը չարձագանքեց լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է նախարարը վերջերս հաճախակի շփոթվում: