Քաղցկեղով հիվանդ ճապոնացի գործարարը մահվանից առաջ կազմակերպել է հրաժեշտի երեկույթ
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, ում մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ, մեծ հրաժեշտի երեկույթ է կազմակերպել մահվանից առաջ: Երեկույթը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, որին հրավիրված է եղել մոտ 100 մարդ: Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Հրավիրվածների թվում էին Անզակի ընտանիքի անդամներ, նրա դասընկերները, գործընկերները և մտերիմ մարդիկ: Սատորու Անզակին շուրջ վեց տարի գլխավորել է հայտնի մեքենաշինական Komatsu ընկերությունը: Այս տարվա հոկտեմբերին 80-ամյա գործարարի մոտ հայտնաբերվեց ստամոքսի քաղցկեղ՝ ուշ շրջանի:
«Ես ինձ բավարարված եմ զգում, որ հնարավորություն ունեցա հրաժեշտ տալու բոլոր այն մարդկանց, ում հետ հնարավորություն եմ ունեցել աշխատելու կամ շփվելու»,- ասել է գործարարը լրագրողներին: Նա նաև հավելել է, որ հրաժարվել է բուժման կուրսից, քանի որ ցանկանում է իր վերջին օրերն առավելագույն հանգիստ միջավայրում անցկացնել:
Անզակին միջոցառման անցկացման համար վարձել է Տոկիոյի շքեղ հյուրանոցներից մեկի սրահը, իսկ միջոցառմանը բացի հյուրերից հրավիրել է պարային խմբերի, որպեսզի երեկույթն էլ ավելի հետաքրքիր անցնի: Ինքը գործարարը երեկույթի ողջ ընթացքում մեկ առ մեկ մոտեցել է հյուրերին և իր շնորհակալությունը հայտնել նրանց: