Նոր մանրամասներ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից․ ի՞նչն էր ոգևորել ահաբեկչին
Երկուշաբթի Նյու Յորքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել ինքնաշեն ռումբը, որի հետևանքով մի քանի հոգի վիրավորվել են։ Այն արդեն որակվել է որպես ահաբեկչություն: Ինչպես հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը, ահաբեկիչը 27-ամյա Ակայեդ Ուլլան է, ով ծնունդով Բանգլադեշից էր և ապրում էր Բրուկլինում: Նա Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր եկել յոթ տարի առաջ` F43 տիպի վիզայով:
Պետքարտուղարության տվյալներով այդպիսի վիզա է տրամադրվում նրանց, ում քույրը կամ եղբայրը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի: Ոստիկանությունից հայտնում են, որ վերջին անգամ Ուլլան Բանգլադեշում եղել է այս տարվա սեպտեմբերին:
Ինչպես տեղեկացնում են Բանգլադեշի ոստիկանության ներկայացուցիչները, Ակայեդ Ուլլան Բանգլադեշում հանցագործ անցյալ չի ունեցել և երբեք չի հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ասում են, որ նա ոգեշնչվել է նախորդ տարի Բեռլինում Սուրբ ծննդյան տոնավաճառի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից և այդ կերպով ցանկացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից, այսպես կոչված, Իսլամական պետությանը ավիահարվածներ հասցնելու համար: Նախնական տվյալներով հենց ինքը Ուլկան անմիջական կապ չի ունեցել Իսլամական պետության հետ: Նրան տեղափոխել են Բելվյուի հիվանդանոց:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է առավոտյան 7:30 Մանհեթենում՝ ավտոբուսի կանգառի մոտ գտնվող ստորգետնյա անցումում: Ահաբեկչի վրա ամրագրված է եղել ինքնաշեն ցածրորակ ռումբ, որն էլ պայթեցրել է: Ինչպես հայտնում են շտապօգնությունից, ահաբեկիչն այրվածքներ ու քերծվածքներ է ստացել, իսկ մոտակայքում գտնվեղ ևս երեք հոգի ստացել են թեթև վնասվածքներ: