Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել և մեկուսարանից կոչ արել դուրս գալ ակցիաների
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է սկսել: Այդ մասին, BBC գործակալության փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հինգշաբթի օրը կալանավորվել էր Կիևում: Նրան տեղափոխել էին մեկուսարան:
«Նա հայտարարել է անժամկետ հացադուլ, նաև ասել է, որ հրաժարվում է հարկադիր կերակրման փորձերից, եթե հանկարծ նման փորձեր կլինեն- 60 օրյա կալանավորման ամբողջ ընթացքում նա կշարունակի հացադուլը»,-հայտնել է փաստաբանը:
Չեռնոլուցկին հրապարակել է նաև Սաակաշվիլիի նամակը, որը, նրա խոսքով, վերջինս իրեն է փոխանցել մեկուսարանից:
«Մի վախեցեք ոչ մի բանից, համարձակ դուրս եկեք խաղաղ ցույցերի՝ հանուն իմպիչմենտի: Միասին կպաշտպանենք Ուկրաինան կուռուպցիայից և կամայականություններից»,-ասվում է նամակում: