Տոնական օրերին մաքսատներում և բանկերում ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա. վարչապետ
Վարչապետի հանձնարարականով բոլոր մաքսատներում և բանկերում տոնական օրերին՝ դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանվելու է աշխատանքների կազմակերպման հերթապահություն:
«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- նշեց վարչապետը:
Արձագանքելով Կարեն Կարապետյանի հանձնարարակին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատեց. «Եթե դրա կարիքը լինի, կանենք», ինչին ի պատասխան, վարչապետը նկատեց. «Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա»: