Շե՛ֆ, էդ քո ասած օրենքն ընդունեցինք. ԱԺ-ում օրենքները «սղղացվում են»
Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, «Ելք» խմբակցության և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները դեմ են արտահայտվել այն առաջարկին, ըստ որի՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի քննարկման համար հատկացվել է ընդամենը մեկ ժամ:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական նիստի ժամանակ հիշեցնելով այդ մասին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Այն օրենքները, որոնք դրվում են քննարկման ո՛չ թե քննարկվում և ընդունվում են, այլ, ներեցեք, արտահայտությանս՝ սղղացվում են»,-ասաց Փաշինյանը:
Նրա դիտարկմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ Հանրապետական խմբակցության նպատակը ո՛չ թե օրենք քննարկելն է, այլ զեկուցելը:
«Բրուսելում կամ չգիտեմ՝ որտեղ հայտնված շեֆին պետք է զանգեն, զեկուցեն, թե՝ շեֆ, բոսս, գիտե՞ս՝ ինչ կա, էդ քո ասած օրենքն ընդունեցինք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ օրենքներն ընդունում են ժողովրդի համար, և ինքն ու իր խմբակցությունը դեմ են նման ձևով օրենքներ «սղղացնելուն»: