Տնտեսագիտության անվճար դասընթացներ՝ ԳԱԱ-ում (ֆոտո)
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտական լաբորատորիան և շրջանավարտների հետ կապի և կարիերայի բաժինը համատեղ ս.թ. նոյեմբերի 14-24-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում (ք. Երևան, Բաղրամյան 24 դ) կազմակերպեց տասնօրյա անվճար սեմինարներ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված էին տնտեսագիտության ոլորտում նոր և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմամբ:
Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Սարգսյանի խոսքերով՝ ծրագրի նպատակն էր աջակցել գործարար ծրագրերի (start up-երի) հիմնադրման և արդյունավետ կառավարման ոլորտում հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, տնտեսագիտության տարբեր բնագավառներում ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
Ծրագիրը բացառիկ և հիանալի հնարավորություն էր արդիական տեսագործնական գիտելիքներ ստանալու, գործարար հմտությունները զարգացնելու և դրանք բիզնեսի տարբեր ոլորտներում գործնականորեն կիրառելու համար: Կարծում եմ` ծրագիրը շարունակական կլինի: Ծրագրին կարող են մասնակցել տնտեսագիտության տարրական գիտելիքների տիրապետող բոլոր այն անձիք (առանց մասնագիտական սահմանափակման), ովքեր ցանկություն ունեն հիմնադրել ու զարգացնել սեփական բիզնեսը և իրենց բիզնես գաղափարների իրականացման համար փնտրում են համապատասխան հնարավորություններ, ինչպես նաև հետաքրքրված են ժամանակակից բիզնեսի արդյունավետ կառավարման գործընթացներով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
