Որոնվում է տեսանյութում պատկերված քաղաքացին (ֆոտո, վիդեո)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձ երթուղային տաքսու մեջ գաղտնի հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր: Պարզվել է, որ գողացված բանկային քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված գլխարկով և ակնոցներով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
