«Վայ մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել». Էդմոն Մարուքյանն արձագանքեց քննարկումներին
Հանրային լսումները կապ չունեն մի քանի օր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետ։
Խորհրդարանում ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Քննարկումը վատ էր, պահ կար, որ ինձ հիշեցնում է Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ ֆիլմի դրվագը՝ «վայ մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել»»,-ասաց պատգամավորը:
Ի պատասխան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արտահայտությանը, թե «Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է», Էդմոն Մարուքյանն ասաց.
«Մենք դուռը չենք շրխկացնում, ոնց բաց կա, այդպես էլ կթողնենք, բայց սահմանափակված չլինենք ԵԱՏՄ-ի համաձայնագրով: Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ-ն մեղավոր չէ ՀՀ ներկայիս իրավիճակի համար, շատ բան կա, որի համար ԵԱՏՄ-ն չի մեղավոր, բայց փորձագետների ու պատգամավորների կողմից այնքան լուսավոր ու պրոգրեսիվ է ՀՀ ներկայիս իրավիճակը ներկայացվում, որ մտածում եմ՝ եթե ամեն ինչ էսքան լավ է, բա ինչի՞ է ամեն ինչ էսքան վատ, ինչի՞ են մարդիկ այսպես արտագաղթում մեր երկրից»,-նկատեց Էդմոն Մարուքյանը: