Հայաստանի տնտեսության «թոքերը փակված են», այն խեղդված է «մոնոպոլիայի սարդոստայնի» մեջ
«Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է»: ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի նախագծի լսումների ընթացքում իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա խնդիրը ո՛չ թե ԵՏՄ անդամակցել-չանդամակցելու մեջ է, այլ՝ Հայաստանի, քանի որ, նրա խոսքով՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն է մեղավոր, որ մեր երկրում մենաշնորհ է ու կոռուպցիա:
«Բոլոր պրոբլեմները Հայաստանում պիտի փնտրել։ Մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, մի քանի մարդ իրավունք ունի արտահանել այն, այստեղ ինտեգրացիոն գործընթա՞ցն է մեղավոր, թե՞ ՀՀ-ն: Երբ ՀՀ-ն «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է դարձել, ո՞վ է մեղավոր, ԵԱՏՄ-ն, թե՞ ՀՀ-ն: Տնտեսական ցանկացած ինտեգրացիոն բլոկից միշտ էլ կարելի է առավելագույն օգուտ քաղել ի շահ սեփական երկրի: Ինչի՞ց է, որ ԵԱՏՄ այլ երկրներ կարողանում են այդ միության խաղի կանոններն իրենց շահերին հարմարեցնել, իսկ մենք չենք կարողանում, հիմա դրա համար բողոքենք Նազարբաևից ու Լուկաշենկոյի՞ց»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները։
«Երկրի տնտեսության «թոքերը» փակված են, այն խեղդվել է մոնոպոլիայի սարդոստայնի մեջ, ուստի պետք է խնդիրները մեր երկրում փնտրել»,-նշեց պատգամավորը: