Անհետացած սուզանավում կար 44 մարդ. որոնողական աշխատանքները շարունակվում են
Արգենտինայի ռազմածովային ուժերի ղեկավարն իր անհանգստությունն է հայտնել օրերս անհետացած Սան Խուան սուզանավի անձնակազմի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը։
«Շատ ենք անհանգստանում, քանի որ արդեն վեցերորդ օրն է, ինչ անհետացել է սուզանավը, իսկ սուզանավի թթվածնի պաշարները հազիվ թե երկար ժամանակ հերիքեն» – հայտնել է ռազմածովային ուժերի ղեկավար Էնրիկե Բալբին:
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ անհետացել է արգենտինական Սան Խուան սուզանավը, իսկ վերջին անգամ, նախքան անհետանալը այն ազդանշան է տվել Պատագոնիայի ափերից 400 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես հայտնում են արգենտինական լրատվամիջոցները, չորեքշաբթի օրը որոնողական թիմը Ատլանտիկ օվկիանոսից վթարային ազդանշաններ է ստացել, որոնք, ենթադրվում է, սուզանավից են ուղարկվել: Ավելի հստակ տեղեկատվություն ստանալու համար՝ որոնողական թիմը պետք է Ատլանտիկ օվկիանոսում ուսումնասիրի մոտ 40 կիլոմետր տարածք:
Սան Խուան սուզանավում գտնվում է անձնակազմի 44 անդամ, որոնցից մեկը՝ կին է: Նա 35-ամյա Էլենա Մարիա Կրավչիկն է՝ առաջին արգենտինացի կին սուզանավորդը: Փրկարարական աշխատանքներին մոտ 4000 մարդ է ներգրավված աշխարհի տաս երկրից, այդ թվում՝ Ռուսաստան, Չիլի, Բրազիլիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլ: