«Ժողովուրդ». Հունվարի 1-ից կբարձրանա խմելու ջրի գինը. թանկացումները շարունակվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաև խմելու ջրի գինը:
«Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննարկել այդ հարցը: Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագներն ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ:
Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ:
Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որևէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում