Քննադատողները թող իրենց հաշիվ տան և զգույշ լինեն. Վահրամ Բաղդասարյան
2018 թվականի պետական բյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայունացմանը: Այսօր, ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով ՀՀԿ-ն ողջունում է բյուջեն:
Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ օրենքը հավասար է բոլորի համար, առավել ևս հարկային դաշտում բոլորը պետք է լինեն հավասար:
«ՊԵԿ-ի սուրբ պարտականությունն է, որ ինքն ապահովի հարկային հավասար դաշտ: Եվ մենք՝ որպես խորհրդարանական վերահսկողություն, պետք է ինչ-որ տեղ նաև պարտադրենք, որպեսզի ՊԵԿ-ն իր պարտականությունները կատարի, բայց ոչ թե խոչընդոտենք նրանց, դա շատ վտանգավոր է»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց նաև, որ ՀՀԿ-ի նպատակն է արհեստական մոնոպոլ կառույցներն արմատախիլ անել: Միևնույն ժամանակ նա կոչ արեց քննադատողներին խոսելիս իրենց հաշիվ տալ:
«Այստեղ նստած քննադատողների մեծ մասը եղել են այն պոստերին, որոնք ի վիճակի են կոռուպցիոն ռիսկերը կրճատելու: Մենք պետք է մեզ հարց տանք՝ մենք նպաստե՞լ ենք կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, թե՞ կրճատել ենք դրանք: Եվ այսօր մեր ելույթներում պետք է զգույշ լինենք»,- նշեց Բաղդասարյանը: