Ուսանողներն ու իշխանավորները կհանդիպեն կլոր սեղանի շուրջ. դասադուլները դադարեցվում են
Ազգային ժողովի դիմաց ակցիա կազմակերպած ուսանողներից 5 հոգի, խորհրդարանի հրավերով անցան ԱԺ ճաղավանդակներից այն կողմ:
Ուսանողների հանդիպումը պատգամավորների և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ կայացավ փակ դռների հետևում:
Հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինչպես և հայտարարել էր ի սկզբանե, բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում չեն վարել, այլ ընդամենը քննարկել են այն ձևաչափը, որի շրջանակում կլինեն արդեն բանակցություններ։
Ըստ այդմ՝ ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը, իսկ նոյեմբերի 22-ին՝ մեկ շաբաթ հետո, արդեն կլոր սեղանի շուրջ կսկսվեն բանակցություններ:
Հարկ է նկատել, որ կլոր սեղանի առաջարկը եղել է ուսանողների կողմից: Համենայնդեպս, Դավիթը դժգոհ չէր խորհրդակցությունից, քանի որ, ըստ նրա, պատգամավորները գնացել են իրենց առաջարկին ընդառաջ: Իսկ հետագա անելիքների մասին արդեն կխոսեն նոյեմբերի 22-ից հետո:
«Ես միայն մի բան եմ խնդրում լրագրողներին. իհարկե ձեզնից շատ շնորհակալ ենք, որ լուսաբանում եք, մենք առանց դրա դժվար թե հասնեինք այս պահին, սակայն ուզում եմ խնդրել, որ վերնագրեր ընտրելիս այնպիսիք ընտրեք, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել՝ ինչ է տեղի ունենում և ճիշտ կարծիք կազմի ակցիայի մասին»,-լրագրողներին ասաց Դավիթը:
Ինչ վերաբերում է առաջիկա կլոր սեղանին, ապա նա նշեց. «Մենք փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Այս պահի դրությամբ, մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են՝ կարող են միանալ մեզ»։