Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 336-ի
Իրանի արևմուտքում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 336-ի, հայտնում է BBC լրատվական գործակալությունը։ Զոհեր կան նաև Իրաքում, որոնց թիվը գնալով ավելանում է, իսկ մոտ 4000 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ: Երկրաշարժը գրանցվել է կիրակի և հազարավոր մարդկանց խուճապի մատնել: Իրանյան փրկարարական ջոկատի ղեկավար Պիր Հուսեին Կուլիվանդը հայտնում է, որ ամենաշատ զոհերը գրանցվել են իրաքյան սահմանին գտնվող Սարպոլ-է-Զահաբ իրանյան քաղաքում։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ զոհերի թիվը հավանաբար կաճի, քանի որ փրկարարական խմբերը դեռ չեն հասել շրջանի մի քանի գյուղեր, որտեղ ավերածություններն անհամեմատ շատ են, իսկ պատճառը գյուղերի կավաշեն տներն են, որոնք ցնցումներից շատ շուտ քանդվում են: Իրանցի սեյսմոլոգներն արդեն 180 հետցնցումներ են գրանցել և հայտնում են, որ դրանք դեռ կշարունակվեն։ Որոշ հատվածներում մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և հեռահաղորդակցման այլ միջոցների, իսկ ավելի քան 70 հազար մարդ մնացել է անտուն:
Փրկարարական աշխատանքներն էլ ավելի են դժվարացնում երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքները: Հայտնում են, որ ցնցումը տևել է մոտ մեկ րոպե: