ՔԿՀ պաշտոնյաների գործը ՀՔԾ վարույթ է ընդունվել
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՔԾ հաղորդմամբ՝ քրեական գործի նյութերի համաձայն` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, որ 14.10.2017թ.-ին հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս և կատարվածի մասին հայտնել հիմնարկի պատասխանատու հերթապահին ու նրա օգնականին, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կալանավորի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով: