Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում․ հետաքրքիր տեղեկություններ
1886 թվականին ատլանտացի բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, սթրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։
Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։
Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։
Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չի ունեցել. միջին հաշվարկով այն օրական գնել է 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-Կոլա։
Հետաքրքիր է, որ Կոկա-Կոլայի արտադրության վրա ծախսվել է 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն` առաջին տարին եղել է վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացել է։
1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառել է։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրել է «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որն սկսել է զբաղվել Կոկա-Կոլայի արտադրությամբ։
Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր, թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթները հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։
Այժմ Կոկա-Կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրում։