ԿԳ նախարարը հատուկ դպրոցի երեխաներին սոված կթողնի, բայց իր ընկերոջ տիկնոջ «աչքը ծուռ չի թողնի» (տեսանյութ)
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկավարժները պահանջում են արդարություն և մրցույթով անցած տնօրեն:
Դեռ այս տարվա մայիսից դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հետ կապված խնդիրներ առաջացան: Կենսաթոշակի անցած՝ նախկին տնօրենի աթոռի վրա, մեղմ ասած, աչք էր դրել դաշնակցական Բագրատ Եսայանի կինը՝ Վերգինե Եսայանը, ով օգտագործելով ամուսնու կապերը, որոշեց դառնալ տնօրեն:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր դաշնակցական ընկերոջ տիկնոջ աչքը «ծուռ չթողեց»: Բայց հենց այնպես վերցնել և նրան տնօրեն նշանակել՝ ևս չէր կարող: Այդպիսով՝ տնօրենի թափուր պաշտոնի համար նախարարությունը նախ հայտարարեց մրցույթ, ապա հենց նախարարությունն էլ տապալեց մրցույթն ու տնօրենի պաշտոնում նշանակեց իր ցանկալի թեկնածուին:
Նախարարության այս անարդար մոտեցումը դպրոցի մանկավարժները սվիններով ընդունեցին: Նրանք վստահ են, որ եթե պահպանվեին մրցույթի բոլոր կանոնները, ապա տնօրեն կդառնար մեկ այլ թեկնածու:
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է այս խնդրին ու ներկայացրել, որ թեկնածուներից Հայարփի Մինասյանը դիմել է դատարան՝ արդարությունը վերականգնելու ակնկալիքով: Իսկ ավելի կոնկրետ՝ նրա փաստաբանները՝ Էդուարդ Աղաջանյանը և Վահագն Գասպարյանը, բողոքարկել են մրցույթի արդյունքները: Սակայն մինչ դատարանը կքններ դրանք՝ կրթության նախարարը շուտափույթ նոր տնօրենի նշանակման որոշում է կայացնում: Այնուհետև փաստաբանների օգնությամբ, Հայարփի Մինասյանը միջնորդության հայցով դիմում է դատարան, որպեսզի տնօրենը չանցնի իր պաշտոնին, այսինքն՝ չկատարի ԿԳ նախարարի որոշման կատարմանն ուղղված որևէ գործողություն, քանի դեռ վերոհիշյալ գործով վերջնական դատական ակտ չի կայացվել:
Այս միջնորդությունը, թեև ընդունվում է, սակայն նախարարը հասնում է նրան, որ իր որոշումը դարձյալ ուժի մեջ է մտնում:
Բայց մանկավարժների «դիմադրությունը» չհաջողվեց «կոտրել» նույնիսկ ոստիկաններին, ում օգնությանը դիմել էր նախարարությունը, ինչպես իրենք են ասում, օրենքի շրջանակում: Վերգինե Եսայանը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք էր գործել դպրոց, որպեսզի անցնի իր աշխատանքին, կամ ինչպես ինքն է ներկայացնում՝ նախարարի որոշման կատարմանը:
Ուսուցիչները՝ երեխաների հետ միասին, լքել էին մասնաշենքը, քանի որ նրանք ոչ միայն դեմ են նախարարի միանձնյա որոշմանը, այլև, իրենց խոսքով, չեն ուզում «ոստիկանության ուղեկցությամբ, զոռբայությամբ դպրոց մտած մարդու հետ աշխատել»:
Ու քանի որ «հնարամիտ» նախարարի այս «տրյուկ»-ը ևս չանցավ, ուստի նա գտավ մանկավարժների, այսպես ասած, «Աքիլեսյան գարշապարը». դադարեցնել ֆինանսավորումը:
Դա արվել է հետևյալ կերպ՝ ժամանակավոր պաշտոնակատարին օրերս նախարարությունը զրկել է իր պարտավորություններից (թեև նա փայլուն պաշտոնավարում էր և իր գործում մասնագետ է) և վերցրել է նրա ձեռքից կնիքը:
Մի խոսքով՝ այժմ բացի նախարարի կողմից նշանակված տնօրեն տիկին Եսայանից, ոչ ոք իրավունք չունի կնքել որևէ փաստաթուղթ, այդ թվում նաև՝ կապված դպրոցի ֆինանսավորման հետ, իսկ սա նշանակում է, որ բացի մանկավարժների աշխատավարձ չստանալուց, դպրոցն ի զորու չի լինի վճարել էլեկտրաէներգիայի, ջրի վճարները և չի կարող ապահովել երեխաների սննդի հարցը:
Մանկավարժները վստահեցնում են՝ իրենք պատրաստ են 2-3 ամիս չվճարվել, բայց այս հարցը պետք է արդար լուծում գտնի:
«Եթե հենց սկզբից արդեն շահարկում են ֆինանսավորման հարցը և երեխաներին զրկում են սննդից, ապա ինչպես կարելի է աշխատել նման հոգեբանության տեր մարդու հետ»,-ասում են մանկավարժները:
Այս առիթով ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանն ասել է, թե նոյեմբերի սկզբին նախարարությունը պետք է ֆինանսական միջոցներ փոխանցի դպրոցին, սակայն իմանալով այնտեղ տիրող իրավիճակը՝ կարծում են, որ գումար փոխանցել չի կարելի: Հետևաբար երեխաները կմնան առանց սննդի:
Մանրամասները՝ տեսանյութում.
Արմինե Մկրտումյան