«Հայաստանի N2 հանցագործը». «Սասնա ծռերի» Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամը՝ Գարեգին Բ-ին (տեսանյութ)
Հոկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ն այցելել է Լոս Անջելես: Տեղի եկեղեցու բակում «Սասնա ծռերի» Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Արաքսյա Գրիգորյանը պաստառը ձեռքին բղավել է. «Հայաստանի N2 հանցագործը», «Ազատություն «Սասնա ծռերին»», «Ազատություն քաղբանտարկյալներին»:
Դրանից հետո նրան են մոտեցել ոստիկանները, Գրիգորյանին հեռացրել տարածքից՝ պատճառաբանելով, որ դա մասնավոր տարածք է:
«Ինձ ձեռք մի տվեք, ես բոլոր իրավունքներն ունեմ այստեղ գտնվելու, նրանք հանցագործներ են, պայքարեք նրանց, ոչ թե իմ դեմ: Սրանք հանցագործներ են»,- իրեն մոտեցած ոստիկաններին ասել է Գրիգորյանը:
Տեսանյութն՝ այստեղ
Ավելի ուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Սիրելի ընկերներ, ինձ ոստիկանը չի ձերբակալել, պարզապես տարածքից հեռացրեց, որից հետո եկավ և ներողություն խնդրեց` ասելով, որ իրեն հանձնարարված էր ինձ հեռացնել եկեղեցու տարածքից: Հետո խնդրեց ինձ, իրեն բացատրել, թե ինչու էի հանցագործ նրան անվանում, դե ես էլ տեղը տեղին բացատրեցի: Վերջում նա ավելացրեց, որ կիրակի օրը նմանատիպ արարողություն է լինելու և իր այցեքարտը մեզ տալով` ավելացրեց «եկեք, բայց դարպասից ներս մի մտեք և, եթե խնդիր եղավ, ինձ զանգ տվեք»: